«Անիվների յուղում» ապատեղեկատվությամբ․ միգրացիան և ՆԱՏՕ-ն կրեմլամետ լրատվամիջոցների կիզակետում
Մինչ Լուկաշենկոյի վարչակարգի կողմից շարունակվում է միգրանտների խնդրի համակարգային և ցինիկ քաղաքական շահարկումը, չեն դադարում նաև ինֆորմացիայի խեղաթյուրման արշավները և ապատեղեկատվությունը։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի սահմանների երկայնքով Ռուսաստանի ռազմական ուժի կուտակմանը զուգընթաց, կրեմլամետ լրատվամիջոցները ուժեղացնում են ռազմատենչ հռետորաբանությունը ընդդեմ ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի։
Սկսած Բելառուսի սահմանին Ռուսաստանի պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցների մշտական ներկայությունից մինչև ռուս պատգամավորի կոչը՝ ուղղված լեհ սահմանապահներին այն մասին, որ ԵՄ-ն կվերցի իրենց երեխաներին իրենց ձեռքից և կհանձնի նրանց միասեռական զույգերին՝ վերջին շաբաթներին ականատես եղանք, թե ինչպես են կրեմլամետ լրատվամիջոցները (և պաշտոնյաները) իրենց ողջ կարողությունը ներդնում՝ ի պաշտպանություն Լուկաշենկոյի վարչակարգի կողմից միգրացիայի խնդրի շահարկման ցինիկ փորձերի։
Կրեմլամետ լրատվամիջոցները, իրենց բելառուս գործընկերների հետ միասին, օգտագործել են ամեն հնարավոր առիթ և հնարավորություն՝ ԵՄ-ին միջազգայնորեն վարկաբեկելու, Լեհաստանին վատաբանելու և ուշադրությունը Լուկաշենկոյի վարչակարգի ներքո մարդու իրավունքների անմխիթար վիճակից շեղելու համար։ Նշված միտումը շարունակվել է այս շաբաթ, որի ընթացքում ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցները․
- մեղադրել են ԵՄ-ին «միգրացիոն ճգնաժամ» ստեղծելու մեջ և դատապարտել «երկակի ստանդարտներ» կիրառելու համար,
- մեղադրել են ԵՄ-ին Բելառուսը և Ռուսաստանըապակայունացնելու փորձերի մեջ,
- հայտարարել են, որ ԵՄ-ի պատժամիջոցները ընդդեմ Լուկաշենկոյի վարչակարգի «անօրինական են»,
- մեղադրել են Լեհաստանին ներգաղթյալների նկատմամբ սադրանքներ և բռնություն կիրառելու համար,
- անհիմն կերպով պնդել են, որ Լեհաստանը «չի ցանկանում» իրավիճակին լուծում գտնել Բելառուսի հետ միասին։
Նման ապատեղեկատվական ուղերձները նոր չեն․ դրանք Բելառուսի պետության կողմից վերահսկվող և կրեմլամետ լրատվամիջոցներում շրջանառվում են դեռևս 2021թ․ ամառվա վերջից, երբ Մինսկը գործի դրեց միգրանտների մաքսանենգության իր միջազգային ծրագիրը։
Սակայն հանրահայտ կանոնի համաձայն՝ որքան երկար է ձգվում ապատեղեկատվական արշավը, այնքան այն ավելի է հակվում ծայրահեղության։ Դա ակնհայտ դարձավ վերջերս, երբ Բելառուսի պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցները, հաջորդելով իրենց կրեմլամետ գործընկերներին, սկսեցին մեղադրել Լեհաստանին քիմիական զենքերի օգտագործման և սահմանին գտնվող միգրանտների վրա թունավոր ջուր ցանելու մեջ։
ԵՄ-ի արևելյան սահմաններին միգրացիոն իրավիճակի մասին ապատեղեկատվության անվերջանալի հոսքը ցույց է տալիս, որ տեղեկատվության խեղաթյուրումը Լուկաշենկոյի ապօրինի վարչակարգի կողմից օգտագործվում է որպես հիմնական միջոց՝ «անիվները յուղելու» և իշխանությունը ձեռքում պահելու համար։

Հռետորաբանության խստացում ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի վերաբերյալ
EUvsDisinfo-ի տվյալների բազան պարունակում է կրեմլամետ լրատվամիջոցների կողմից ՆԱՏՕ-ի վերաբերյալ ապատեղեկատվական հայտարարությունների ավելի քան 1100 օրինակ, որոնք պնդում են, որ Դաշինքը (և ավելի լայն իմաստով՝ Արևմուտքը) թե՛ «սադրում» և թե՛ «շուրջկալի մեջ է վերցնում» Ռուսաստանին։
Վերջերս՝ աճող միջազգային անհանգստության պայմաններում՝ կապված Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի զինուժի կուտակման հետ, կրեմլամետ լրատվամիջոցները կրկին զարկ տվեցին այն հռետորաբանությանը, որ ՆԱՏՕ-ն ռուսաֆոբ է և սպառնալիք մարդկության համար, իրականացնում է «սադրանքներ» Ղրիմի շրջակայքում՝ կիրառելով հիբրիդային պատերազմի գործիքներ Սև ծովում, և խախտում է ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնադիր ակտի սկզբունքները (կեղծ ահազանգ՝ չի խախտում)։
Դրան հաջորդեցին հայտարարություններ այն մասին, որ ԱՄՆ-ը Ուկրաինային և Եվրոպային դրդում է հակամարտության Ռուսաստանի հետ՝ ցանկանալով հրահրել «փոքրիկ պրոքսի պատերազմ»՝ Միջին Արևելքում և Հարավային Ասիայում իր քաղաքականությունից ուշադրությունը շեղելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Ուկրաինան շարունակում էր պատկերվել որպես «կործանման եզրին» գտնվող անօգնական զոհ և մշտական ագրեսոր, որը փորձում է Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ։
Նման հայտարարությունները նման են այս տարվա սկզբի Կրեմլի հռետորաբանությանը, երբ Ռուսաստանը կրկին մեծ թվով զորքեր և ռազմատեխնիկա էր մոտեցրել Ուկրաինային սահմանին։ Դա նաև ցույց է տալիս, թե ինչպես է օգտագործվում ապատեղեկատվությունը՝ աջակցելու (կամ արդարացնելու) Ռուսաստանի ռազմական դիրքորոշմանը, և անգամ՝ մարտական գործողություններին ռազմի դաշտում։
Եվ վերջապես, այս շաբաթ տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ մի պաշտոնաթող ռուս ծովակալ՝ նշելով, որ ռուսական «Կուրսկ» սուզանավի, խորտակման պատճառը, որի ժամանակ զոհվել էր 118 նավաստի, ՆԱՏՕ-ի ռազմանավն է եղել։ Նման հայտարարությունները հակասում են հենց ռուսական հետաքննության արդյունքներին, որոնք հրապարակվել են 2000թ․ վթարից հետո։ Այս ամենը ցույց է տալիս, որ կրեմլամետ լրատվամիջոցների և նրանց մեկնաբանների փաստերը կարող են ձևափոխվել և հարմարեցվել՝ քաղաքական նպատակներին ծառայելու համար։ Ակնհայտորեն, ՆԱՏՕ-ի և, ընդհանուր առմամբ, Արևմուտքի պատկերումը որպես Ռուսաստանի դեմ թշնամաբար տրամադրված, այն է, ինչ այժմ անհրաժեշտ է Կրեմլին։