Անճիշտ, անհեթեթ և անմիտ․ պնդումներ Հայաստանում ԵՄ առաքելության մասին
«Լավ» հին պատմություններ
2023 թվականի հունվարի 23-ին Եվրոպական խորհուրդը հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ստեղծման մասին։ Նրա աշխատակազմը բաղկացած է անզեն քաղաքացիական փորձագետներից, այդ թվում՝ դիտորդներից, որոնք կանոնավոր պարեկություն են իրականացնում Հայաստանին սահմանակից՝ Ադրբեջանին հարող շրջաններում՝ կայունության խթանման նպատակով։ Առաքելության նպատակը պարզ է. դիտարկել և զեկուցել տարածաշրջանի անվտանգության իրավիճակի վերաբերյալ։ Դրա ստեղծումը հիմնված էր նախկինում ստեղծված ԵՄ Մոնիթորինգային Ներուժի վրա, և ԵՄ-ն հավանություն է տվել այդ երկու կառույցներին՝ ի պատասխան Հայաստանի իշխանությունների հարցումներին։
Իր գործարկումից ի վեր՝ ՀԵՄԱ-ն տարբեր աղբյուրներից և գործող անձանցից ստացվող ապատեղեկատվության թիրախ է հանդիսանում, հիմնականում հետևելով Կրեմլի ստանդարտ նարատիվի, որ «Արևմուտքը» կարող է և պետք է լինի թշնամական և, ի վերջո, ձգտում է շրջապատել Ռուսաստանը: Կրեմլամետ ապատեղեկատվական ակցիաները շարունակվում են բազմաթիվ ճակատներում։ Դրանք լայնորեն տարածվում են ինչպես Ռուսական պետական ԶԼՄ-ներում, այնպես էլ տարածաշրջանի տեղական կրեմլամետ ԶԼՄ-ներում։ EUvsDisinfo տվյալների բազան լի է Ռուսաստանի փորձերի օրինակներով՝ որպես փաստ հաստատելու վիրավորական պատկերացումն այն մասին, որ Ռուսաստանի հարևան ինքնիշխան պետություններն ազատ չեն սեփական ընտրություն կատարելու ազգային անվտանգության հարցերում։
Վերջերս ՀԵՄԱ-ն թևակոխեց իր մանդատի երկրորդ տարին։ Մեկ տարվա ընթացքում դիտորդների թիվն աճել է 100-ից հասնելով մոտ 200։ Աճել են նաև կրեմլամետ ԶԼՄ-ների ապատեղեկատվական հարձակումների քանակն ու ինտենսիվությունը։
Ըստ սցենարի
Ապատեղեկատվությունը Մոսկվայի արտաքին քաղաքական արսենալի անբաժանելի մասն է՝ բացահայտ քաղաքական ճնշման, տնտեսական շանտաժի, հիբրիդային հարձակումների սպառնալիքների կամ որևէ երկրում տեղական ինքնակառավարման մարմինների խաթարման այլ միջոցների հետ մեկտեղ:
Սակայն Հայաստանում մոլորության մեջ գցելու, շփոթեցնելու և անվստահություն սերմանելու Կրեմլի ապատեղեկատվական ապարատի նպատակները շատ հեռու չեն հասել։ Եվ իրավիճակը ավելի արագ է փոխվում, քան, ըստ երևույթին, ակնկալում էր Կրեմլը։ Հայաստանի առաջնորդներն այժմ հայտարարում են, որ սառեցրել են իրենց մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և մտադիր են ավելի սերտ համագործակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ:
Ստորև ներկայացնում ենք ՀԵՄԱ-ի և Հայաստանում ԵՄ-ի դերի վերաբերյալ կրեմլամետ ապատեղեկատվական նարատիվների համառոտ անկարկ։ Դրանք կարելի դասակարգել երեք «Ա»-ով՝ անճիշտ, անհեթեթ և անմիտ։
Անճիշտ․ որտեղ ծուխ կա, այնտեղ ․․․ միայն ծուխ կա
Կրեմլամետ լրատվամիջոցների կողմից տարածվող Հայաստանում ԵՄ ներկայության վերաբերյալ պնդումների մեծ մասը պարզապես սուտ է և համապատասխանում է Կրեմլի ստեղծած երեք ապատեղեկատվական նարատիվներից մեկին:
Ռազմական նարատիվ
Օրինակ, Հայաստանում տեղի ռուսամետ լրատվամիջոցները ի սկզբանե պնդում էին, որ ՀԵՄԱ-ն ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական կազմակերպություն է։ Սույն հայտարարությունը, կարծես, հիմնված է այն կողմնակալ պնդման վրա, որ քանի որ առաքելությունը ընկնում է ԵՄ Անվտանգության և Պաշտպանության Ընդհանուր Քաղաքականության ներքո, այն պետք է լինի ռազմական: Սա հիանալի կերպով ամրապնդում է կրեմլամետ պարբերական նարատիվն այն մասին, որ ԵՄ-ի միակ նպատակը Ռուսաստանի դեմ պատերազմ վարելն է՝ առավելագույն վնաս հասցնելու նպատակով։
Այնուամենայնիվ, առաքելությունը բաղկացած է միայն անզեն քաղաքացիական դիտորդներից: Առաքելության նպատակները խաթարելու համար բազմաթիվ հայերեն զեկույցներում, հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, պնդում էին, որ առաքելությունը «զբաղվում է այնպիսի հարցերով, որոնք հեռու են հայտարարված նպատակներից»՝ առանց իր պնդման համար ապացույցներ ներկայացնելու:
Հետախուզական նարատիվ
Անցյալ տարվա հոկտեմբերին լրատվամիջոցների լայն շրջանակի կողմից տարածված մեկ այլ նարատիվ ենթադրում էր, որ առաքելությունը ոչ թե պարզապես հետևում է, այլ «հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ»։ Սույն նարատիվն անգամ պնդում է, որ դիտորդներն այնտեղ են, որպեսզի անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ սկսեն Իրանում։ Դիտորդները պարզապես ցեկուցում են ականատես եղած դեպքերի մասին։ Բայց այն միտքը, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով պարեկություն իրականացնելը ինչ-որ կերպ բացահայտում է Ռուսաստանի մասին հույժ գաղտնի հետախուզական տվյալներ և Իրանում ռազմական գործողություններ սկսելու ծրագրի մի մասն է, կասկածներ է հարուցում:
ՆԱՏՕ վասալ նարատիվ
Մեկ այլ նարատիվ, որը տարածվել է անցյալ տարվա հուլիսից, պնդում է, որ Կանադայի կողմից երկու փորձագետների պլանավորված մասնակցությունը առաքելությանը ապացույցն է այն բանի, որ ԵՄ-ն կորցրել է իր արտաքին քաղաքական անկախությունը և միայն պարում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դուդուկի տակ: Եկեք մի քայլ հետ գնանք և ակնածանքով նայենք այս հսկայական թռիչքին՝ մեկ փոքրիկ փաստից՝ ծրագրում մասնակցող կանադացի երկու փորձագետներից, դեպի այդպիսի հեռավոր և ծիծաղելի հայտարարություն:
Այս բոլոր ակնարկների իմաստը տեղեկատվական տարածքը ծխով լցնելն է, այնուհետև պնդելը, որ այնտեղ, որտեղ ծուխ կա, կա նաև կրակ կամ գոնե մեկ-այլ նողկալի նպատակ: Բայց այստեղ ոչ մի կրակ չկա, միայն ապատեղեկատվության մոխրագույն ծուխ, որը տարածում են Կրեմլի վարպետները։
Անհեթեթ․ մութ ակնարկներ
Սակայն առավել հաճախ ռուսամետ լրատվամիջոցները տարածաշրջանում տարածում են հայտարարություններ, որոնք ոչ միայն անճիշտ են, այլև անհեթեթ։ Դրանք անհեթեթ են, քանի որ կարևորում են անպատշաճ և անմիտ մեղադրանքները ԵՄ-ի, ՀԵՄԱ-ի և առաքելության նպատակի վերաբերյալ:
Անցյալ ամառ հրապարակված այս տեսակի օրինակներից մեկը պնդում էր, որ ՀԵՄԱ-ի նպատակը «Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատումն է»։ Իրականում Առաքելության նպատակն էր նվազեցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ռազմական գործողությունների սկսելու հավանականությունը: Դրանով ԵՄ-ն հույս ունի նպաստել քաղաքականապես կայուն և տնտեսապես բարգավաճող Հարավային Կովկասին։
Մեկ այլ հոդվածում մեջբերվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը հայտնի է ապատեղեկատվական նարատիվների լայն շրջանակի տարածմամբ, որը պնդում է, որ ԵՄ-ն «բացահայտ չարաշահում է» իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ ՀԵՄԱ-ի միջոցով: Լավրովը չի հստակեցրել, թե ինչպես է տեղի ունենում այդ «չարաշահումը»։
Այս մեղադրանքների հետևում իրական վախ է թաքնված, որ Հայաստանը կարող է դուրս գալ Կրեմլի խեղդող գրկից։ Ռուս առաջնորդներին մնում է մեղադրել միայն հենց իրենց, եթե հայ առաջնորդները ցանկանում են ավելի շատ աշխարհաքաղաքական հնարավորություններ ունենալ, բայց հայելու մեջ նայելը Կրեմլի մասնագիտությունը չէ: Այդ պատճառով նրանք իրենց դրդապատճառները նախագծում են հակառակորդների վրա, ինչը նրանց մասնագիտությունն է, և անդադար բղավում են, որ ԵՄ-ն, կատարելով իր առաքելությունը, փորձում է «ամեն գնով» ամրապնդվել Հայաստանում։
Անզեն քաղաքացիական առաքելության ֆինանսավորումը նման չէ ազդեցությունը պահպանելու հուսահատ փորձի: Սակայն դրա մասին անդադար բղավելը նման է։
Անմիտ․ Ռուսամետ մեկնաբանները ամենասարսափելի բաներն են բարձրաձայնում
Մեր զեկույցը թերի կլիներ առանց կրեմլամետ լրատվամիջոցներում և մեկնաբաններից հայտնված ամենահիասքանչ նարատիվների համառոտ ակնարկի:
Ահա մի լավ օրինակ՝ Մասոնական օթյակները ամբողջ Եվրոպական միության իրական տերերն են, և Հայաստանն անզոր է դրանց դեմ։ Ինչպիսի բովանդակալից պնդում։
Բացի այդ, հայ առաջնորդները հնազանդորեն ենթարկվում են գլոբալիստների ցուցումներին, որոնք իրենց հերթին հանցակցում են «Հրեա-մասոնների» հետ, որպեսզի պատվաստանյութերով ցեղասպանություն իրականացնեն մարդկության դեմ: Հիասքանչ է։
Բացի այդ, որոշ ռուսամետ մեկնաբաններ վստահ են, որ ԿՀՎ-ն, ՄԻ6-ը, թուրք գործակալները և Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները 2018 թվականին Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպեցին, դա արեցին Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար, և այժմ նրանց, այսպես կոչված, դրածոները Հայաստանի ներկայիս կառավարության իրական ուժն են: Պարզապես հրաշալի։
Ինչից են վախենում խուճապարարները
2023 թվականի փետրվարին անցկացված հարցումը ցույց է տվել, որ հայերի 60 տոկոսը «հակված է վստահել» Եվրամիությանը։ Ի հակադրություն՝ հարցվածների 67%-ը «հակված է չվստահել» ՀԱՊԿ-ին, և այդ թիվը բացատրում է այդ կառույցում իր մասնակցությունը դադարեցնելու Հայաստանի որոշումը:
Մի խոսքով, Կրեմլի զայրույթը, ըստ երևույթին, ուղղված է հակազդելու ինչպես Հայաստանի հասարակական կարծիքի տեղաշարժին դեպի ԵՄ, այնպես էլ Հայաստանի քաղաքականության փոփոխությանը իրական ժամանակի ռեժիմում: Բայց եթե ռուսամետ մեկնաբանները շարունակեն անհեթեթություններ հորինել ՀԵՄԱ-ի և ԵՄ-Հայաստան ավելի լայն հարաբերությունների մասին, հայ ժողովուրդն ու առաջնորդները կարող են ավելի ու ավելի անտեսել դրանք կամ էլ ավելի թերահավատ լինել Մոսկվայի նկատմամբ:
Կարդացե՛ք Հայաստանի և ՀԵՄԱ-ի դեմ վերջին ակնարկներին մեր տվյալների բազայում: