Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ուկրաինա. ինչպես է Ռուսաստանն օգտագործում ապատեղեկատվությունը՝ տարածաշրջանում իր ջանքերին աջակցելու համար

Մինչ Ռուսաստանը շարունակում է բարձրացնել խաղադրույքները Ուկրաինայի սահմանին ընթացող իր մոլախաղում, Ուկրաինան կրկին դառնում է թիրախ՝ անտեսելու, խեղաթյուրելու, ուշադրությունը շեղելու և ահաբեկելու ջանքերի համար։

Ուկրաինան շարունակում է մնալ կրեմլամետ ապատեղեկատվության թիրախում։ 2015թ․ ի վեր մեր կողմից բացահայտված, դասակարգված, ցուցադրված և հերքված շուրջ 13500 դեպքերից ավելի քան 5200-ը վերաբերում են Ուկրաինային։ Դա կազմում է EUvsDisinfo-ի տվյալների բազայի բոլոր դեպքերի գրեթե 40 տոկոսը։

Քանի որ աստիճանաբար ավելի է դժվարանում իրականությունը տեսնելը Ուկրաինայի շուրջ ստեղծված կեղծ տեղեկատվության ծխածածկույթի միջով, որը տարածվում է կրեմլամետ ապատեղեկատվական համակարգի կողմից, մենք այս շաբաթվա սկզբին հրապարակել ենք միֆերի հերքման հոդված, որում լուսաբանված են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանն առնչվող առավել տարածված և վտանգավոր միֆերը և հաճախ՝ բացահայտ սուտ տեղեկությունները։

Ամբողջ մեղքը գցել արևմուտքի վրա

Ուկրաինային վատաբանելու և Ռուսաստանի կողմից հրահրված լարվածության աճի շուրջ շփոթություն ստեղծելու առավել լայն գործողությունների մեջ առանձնանում է հատկապես երկու պնդում։ Առաջինը՝ Ուկրաինան օգտագործվում է արևմուտքի կողմից։ Մի շարք լրատվամիջոցներ փորձել են ներկայացնել Ուկրաինան որպես գործիք արևմտյան տերությունների համար՝ Ռուսաստանի վրա ազդելու և նրան ապակայունացնելու նպատակով։ Ինչպես հաճախ արվել է նախկինում, հատուկ ուշադրության են արժանացել ԱՄՆ-ն և ՄԹ-ն։

Սա արդեն հաստատված օրինաչափություն է, քանի որ հաճախ հանդիպում ենք հետևյալ բնույթի հայտարարությունների․ «ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինայի ուրվականը՝ Ռուսաստանի դեմ առճակատման համար», ««ԱՄՆ-ն, ՄԹ-ն և Կանադան փորձել են օգտագործել Ուկրաինան որպես հարվածային խոյ ընդդեմ Ռուսաստանի» և այլն։ Կարծես թե վերը նշվածը բավականաչափ անհեթեթ չէր, կրեմլամետ լրատվամիջոցներն ավելի են զարգացրել թեման և այժմ պնդում են, որ «Ուկրաինան արդեն օկուպացված է ԱՄՆ-ի և նրա արբանյակների կողմից»։

Ուշադրության արժանի երկրորդ հիմնական հորինվածքն այն պնդումն է, որ արևմուտքը պատրաստվում է կեղծ դրոշի ներքո ռազմական գործողություն իրականացնել՝ Ուկրաինայի սահմանի մոտ կուտակված ռուսական զինուժի հետ ուղիղ բախում հրահրելու համար։ Այս պնդումը տարբեր ձևեր ու կերպարանքներ է ստացել՝ սկսած արևմուտքին տեղեկատվական դաշտում սադրանքների մեջ մեղադրելուց մինչև հայտարարություններ այն մասին, որ արևմտյան հրահանգիչները թեժ օջախ են ստեղծում Ռուսաստանի սահմանին: Եթե այս պնդումները ծանոթ են թվում, ապա այն պատճառով, որ դրանք հանրահայտ են։ Թե՛ այն պնդումը, որ արևմուտքը կատարում է գործողություններ կեղծ դրոշի ներքո, և թե՛ այն, որ Ռուսաստանը շրջապատվում է ՆԱՏՕ-ի կողմից, արդեն երկար ժամանակ կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցներում շրջանառվող թեմաներ են։

Ուկրաինան արևմտյան երկրների գործիքն է Ռուսաստանի դեմ
Ամերիկայի ներխուժումն Ուկրաինա հրապարակայնորեն ներկայացվում է որպես ռուսական ներխուժում
Արևմուտքը սադրանքներ է նախապատրաստում Ուկրաինայում
ՆԱՏՕ-ն ստեղծվել է առճակատման, այլ ոչ թե պաշտպանության համար

Ամեն ինչ փոխկապակցված է։ Իրո՞ք դա այդպես է:

Կրեմլամետ ապատեղեկատվական աղբյուրները շատ առումներով նման են այն մարդկանց, ովքեր հավատում են դավադրություններին։ Նրանք փոխկապակցվածություն են տեսնում ամենուր, այդ թվում նաև այնտեղ, որտեղ չկա։ Քանի որ Ուկրաինան ներկայումս նրանց ջանքերի հիմնական թիրախն է, նրանք, ի թիվս այլ կասկածյալների, փորձեցին կապել Ղազախստանում տեղի ունեցած բողոքի ակցիաները Ուկրաինայի գաղտնի ծառայության հետ՝ պնդելով, որ ծառայությունը «համակարգել է ջարդարարների գործողությունները Ղազախստանում»:

Բնականաբար, որոշ լրատվամիջոցներում Ուկրաինային մեղադրելը չխանգարեց նաև մեղադրել ԱՄՆ-ին այլ լրատվամիջոցներում՝ պնդելով, որ ԱՄՆ-ն համակարգել է Ղազախստանի բողոքի ցույցերը՝ Ժնևում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան անվտանգության բանակցություններից առաջ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Մի շարք այլ լրատվամիջոցներ ավելի անորոշ կերպով մատնացույց արեցին այդ ամենում մեղադրվող «օտարերկրյա ձեռքը»՝ առանց որևէ հավաստի ապացույց տրամադրելու։

Վերջինս կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցների ևս մեկ տարածված քայլ է՝ ողջ աշխարհում տեղի ունեցող ժողովրդական բողոքի ցույցերը կեղծ կերպով ներկայացնել որպես դրսից, հաճախ՝ ԱՄՆ-ի և արևմուտքի կողմից հրահրված։

Ներկայացնել ՆԱՏՕ-ին որպես ագրեսոր, իսկ Ռուսաստանին՝ չպահպանված խոստումների զոհ (որոնք երբեք չեն տրվել)

Ժամանակ առ ժամանակ շրջանառվում է նաև Կրեմլի ապատեղեկատվական համակարգի մեկ այլ լեյտմոտիվը։ Մասնավորապես՝ այն պնդումը, թե ՆԱՏՕ-ն թշնամական ռազմական բլոկ է, որի հիմնական նպատակը Ռուսաստանին վնաս պատճառելն է։ Այս շահարկված թեման վերջին երկու շաբաթվա ընթացքում շարունակաբար կրկնվել է, ինչպես և կարելի էր ակնկալել՝ հաշվի առնելով Ռուսաստանի կեցվածքը։ Երկար ժամանակ զբաղված լինելով փաստերի խեղաթյուրմամբ՝ Կրեմլի ապատեղեկատվությունը, հավանաբար, ժամանակի ընթացքում ապակողմնորոշիչ ազդեցություն է ունեցել հենց իր վրա։

Կրեմլյան խառնաշփոթը չի սահմանափակվում ՆԱՏՕ-ի դերի խեղաթյուրմամբ և դրա մասին սխալ պատկերացումներով։ Այն, կարծես, լավ չի ըմբռնում նաև ժողովրդավարական երկրների միջև կամավոր դաշինք կազմելու երևույթը՝ կեղծ պնդումներ անելով այն մասին, որ ՆԱՏՕ-ն ներքաշում է Ուկրաինային և սկանդինավյան երկրներին դեպի դաշինք, և որ դեռևս 1990 թվականին ՆԱՏՕ-ն խոստացել էր չընդլայնվել դեպի Արևելյան և Կենտրոնական Եվրոպա։ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումներն ընդունվում են յուրաքանչյուր առանձին դիմող երկրի և ՆԱՏՕ-ի ներկայիս 30 անդամ-երկրների կողմից։ Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն կարող է ընտրել իր ուղին, իսկ սահմանակից պետությունները, այս դեպքում՝ Ռուսաստանը, միջամտելու իրավունք չունեն։

Կրեմլամետ ապատեղեկատվության այլ օրինակներ այս շաբաթվա ընթացքում․

Առնչվող ապատեղեկատվության դեպքեր

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    %s

      ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

      Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

        Subscribe to the Disinfo Review

        Your weekly update on pro-Kremlin disinformation

        Data Protection Information *

        The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.

        🎵 Playlist