Պատվաստանյութերի մասին ապատեղեկատվությունը շփոթության մեջ է գցում. պատվաստանյութերի տարածումը ԵՄ հարևանությամբ գտնվող երկրներում և Ռուսաստանում

Այս հոդվածում դիտարկվում են 2021թ. փետրվարի և մարտի առաջին շաբաթվա ընթացքում COVID-19-ի և պատվաստանյութերի տարածման շուրջ տեղեկատվական միջավայրի զարգացումները Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում:

Ցանկացած հանրային առողջապահական ճգնաժամ առաջ է բերում ասեկոսեներ, դավադրություններ և միտումնավոր տարածվող ապատեղեկատվություն վիրուսի ծագման, հաջորդող հաղորդակցության ճգնաժամում պարտվողների և վերջնական հաղթողների մասին: Երբ հաստատվում են նոր բնականոն պայմաններ, և կառավարությունները, լրատվամիջոցները և առողջապահության ոլորտի մասնագետները միանում են հանրային քննարկմանը, ի հայտ է գալիս փաստերի և իրադարձությունների նոր շարադրանք: Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց COVID-19-ի ճգնաժամի շուրջ: Մոտ մեկ տարի առաջEUvsDisinfo-ն տեղեկացրեց, թե ինչպես են Կրեմլին մերձ աղբյուրները տեղեկատվություն տարածում դավադրությունների մասին և ապատեղեկատվություն` ուղղված ԵՄ և հարևան երկրների լսարանին: Այսօր, երբ COVID-19 վիրուսի վրա կենտրոնացված գերուշադրությունը զիջում է COVID-19-ի պատվաստանյութերին, մենք փորձում են ենք ստուգել տրամադրվող տեղեկատվությունը և մատնանշել մանիպուլյացիաները: Վիրուսի դեմ պայքարը վեր է ածվել պատվաստանյութի, մասնավորապես Sputnik V-ի առաջխաղացմանն ուղղված պայքարի:

Կրեմլին մերձ լրատվամիջոցների հաղորդագրություններում Sputnik V պատվաստանյութը բնութագրվում է որպես մեծ հանրային բարիք, որն արդյունավետ է, անվտանգ օգտագործման համար և մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում: Ռուսաստանը ներկայացվում է որպես այլ երկրներին շատ ավելի մեծ օգնություն ցուցաբերող երկիր` ի տարբերություն մյուս պետությունների և դերակատարների` հավակնելով դառնալ «պատվաստանյութերի դիվանագիտության» առաջատար [1]:

Sputnik V-ն Ռուսաստանում և արտերկրում (որքա՞ն է պատվաստվածների թիվը Ռուսաստանում)

Ռուսաստանում ներկայացվում է, որ կառավարությունն առաջ է անցել այլ երկրներից պատվաստումների համապետական ծրագրի իրականացման գործում՝ չնայած իշխանությունների կողմից ոչ մի սիստեմատիկ վիճակագրություն չի հրապարակվում: Այնուամենայնիվ, Ջոնս Հոփքինսի համալսարանի մարտի սկզբի վիճակագրական տվյալների համաձայն, Ռուսաստանի բնակչության 1%-ից պակասն էր պատվաստվել, մինչդեռ ԵՄ երկրներում պատվաստվածների միջին թիվն այդ նույն ժամանակահատվածում կազմում էր 2,48%: Ռուսաստանի պաշտոնական տեղեկատվության բացակայությունն ինքնին հատկանշական է. ինչո՞ւ չհրապարակել տեղեկատվություն, եթե Sputnik V-ն այդպիսի հաջողություն ունի:

Քանի որ Sputnik V-ն հավանության է արժանացել, Կրեմլին մերձ լրատվամիջոցներն ավելի են վատթարացնում ԵՄ-ում պատվաստանյութերի տարածման հետ կապված բացասական լուրերը՝ ստեղծելով ԵՄ աղավաղված և խեղաթյուրված պատկեր, որն անկարող է կառավարել COVID-19-ը, որ պատվաստումների ծրագրերը կամ «խափանվել են կամ ժամանակավորապես դադարեցվել»: Ուշադրության կենտրոնում են ԵՄ անդամ պետությունների տարաձայնությունները, ԵՄ անդամ չհանդիսացող պետություններ պատվաստանյութի արտահանումը սահմանափակելու սպառնալիքները և Եվրոպական հանձնաժողովի նախագահի քննադատությունը: Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ԵՄ և AstraZeneca-ի, ինչպես նաև ԵՄ և Միացյալ Թագավորության միջև վեճերը, նաև՝ սահմանափակումների ռեժիմի դեմ ուղղված բողոքները մայրցամաքի քաղաքներում:

Ուղղվածությունն Արևմուտք. Կրեմլին մերձ լրատվամիջոցները խորացնում են COVID-19-ի և պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվությունը

«Մեղավորը ԵՄն է» (դասական սցենար)

ԵՄ հաստատությունները մեղադրվում են ռուսական պատվաստանյութին իրենց ենթադրյալ հակազդեցության համար, կամ նույնիսկ այն վախի համար, որ պատվաստանյութը հաջողություն կունենա, և Sputnik V-ին ԵՄ ամբողջ տարածքում գործող գրանցման հավաստագիր տրամադրելու երկմտանքի համար: Կրեմլին մերձ լրատվամիջոցները տարբեր լեզուներով և տարբեր պլատֆորմներում հայտարարում են այն մասին, թե ինչպես է փոխվել Sputnik V-ի նկատմամբ ԵՄ վերաբերմունքը թերահավատությունից գովեստի: Տեղեկատվությունում շեշտը դրվում է «թերահավատ Արևմուտքի» նկատմամբ Sputnik V-ի հաղթանակի զգացողության վրա, միևնույն ժամանակ փորձ է արվում մանիպուլյացիայի ենթարկել ունկնդիրներին և ստիպել հավատալ, որ ԵՄ-ը ուշացումով էր գործել ու միայն այն ժամանակ, երբ մեծացել էր հասարակության ճնշումը և երբ գտնվում էր թույլ դիրքում: Կամ ԵՄ-ը ներկայացվում է որպես երկընտրանքի առջև կանգնած, ինչպե՞ս գնել պատվաստանյութ Ռուսաստանից, երբ գործում են պատժամիջոցներ: Այն լուրը, որ Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) մարտի սկզբից սկսում է Sputnik V-ի աստիճանական փորձարկումը, հաղթական տոնայնությամբ լուսաբանվեց Ռուսաստանյան և Կրեմլին մերձ բոլոր լրատվամիջոցներում:

Արևմտյան արտադրության COVID-19-ի պատվաստանյութերի, մասնավորապես Pfizer/BioNTech-ի վերաբերյալ բացասական բովանդակության էլ ավելի վատթարացումը կամ բացահայտ ապատեղեկատվությունը շարունակվում է: Կրեմլին մերձ լրատվամիջոցները չափազանցնում են ենթադրյալ կողմնակի ազդեցությունները և պնդում, որ պատվաստվելուց հետո մեծ թվով մարդիկ են մահանում: Հաղորդագրություններում ներկայացված են իբր թե պատվաստումից մահացածների մասին ամիսների վաղեմության սարսափելի պատմությունները՝այսկերպ ներկայացնելով ենթադրաբար թերություններ ունեցող և վտանգավոր պատվաստանյութերը: Pfizer-ը մեղադրվում է իր փորձարկումների ընթացքում կարևոր փուլերը շրջանցելու (չնայած հայտարարվել էր, որ փաստորեն նույնն արվել էր նաև Sputnik V-ի դեպքում), մահացու փորձարկումներ իրականացնելու և չապացուցված արդյունավետությամբ պատվաստանյութերի գործարկման, Pfizer-ի և Moderna-ի՝ թափանցիկության բացակայության համար: Մինչդեռ, ի հակադրություն նշվածի, ռուսական պատվաստանյութի առավելությունները պայմանավորված են նրանով, որ ընկերությունը/պատվաստանյութը հանդիսանում են պետության սեփականությունը։ Ըստ հանրային կարծիքի վերջին հարցումների, Ռուսաստանում պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը կայուն աճել է՝ 50%-ից մինչև ավելի քան 62% ռուսաստանցիներ պատրաստ չեն պատվաստվել մինչև մարտի սկիզբը:

Պատվաստանյութերի նկատմամբ անվստահության գնահատում Ռուսաստանում: Աղբյուրը. «Լևադա-Կենտրոն», 1 մարտի, 2021թ.

Այսօր դավադրության տեսությունները կորցրել են իրենց արդիականությունը, սակայն աճում է անվստահությունը

Sputnik V-ի՝ որպես պատվաստանյութի կենսունակ տարբերակ հայտնվելուց հետո պատվաստանյութերի նկատմամբ անվստահություն խթանող դավադրության տեսությունները մեծ մասամբ կորցրել են իրենց արդիականությունը պետության կողմից ֆինանսավորվող և վերահսկվող ռուսական լրատվամիջոցներում: Այնուամենայնիվ, «ՎԿոնտակտե» սոցիալական լրատվական պլատֆորմի որոշ հանրային էջեր դեռ տարածում են COVID-19-ի շուրջ դավադրության մասին ապատեղեկատվություն կապված պատվաստանյութերի արևմտյան արտադրողների հետ: Օրինակ՝ «Բիլ Գեյթսն է հորինել կորոնավիրուսը» և «Պատվաստանյութն օգտագործվում է բնակչությանը վերահսկելու համար, այն խոշոր դեղագործական ընկերությունների համար գումար վաստակելու պատրվակ է, նաև հիվանդություններ և անպտղություն է առաջացնում», «կորոնավիրուսի մասին կեղծիքների արգելքի ետևում կանգնած են ազդեցիկ համաշխարհային խաղացողներ»:

Արևելյան գործընկերության երկրներում (ԱլԳ) պետության կողմից ֆինանսավորվող և/կամ վերահսկվող ռուսական լրատվամիջոցները, որոնք աշխատում են տեղական լեզուներով, տրամադրում են Ռուսաստանի ներքին լրատվամիջոցների տեղեկատվությանը շատ նման տեղեկատվություն: Ակտիվ է «RT»-ն (նախկինում «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքը)՝ իր կողմից վերահսկվող «Սպուտնիկ» լրատվական գործակալության և վերջինիս տարբեր լեզուներով գործող ներկայացուցչությունների հետ, ինչի մասին վկայում է EUvsDisinfo-ի մեր տվյալների բազան [2]:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացված տարբեր ազգային ուսումնասիրությունների համաձայն՝ Արևելյան գործընկերության երկրների մեծ մասում դիտվում է զգալի թերահավատություն/երկմտանք ընդհանուր բնակչության 30%- 50%-ի մոտ: Մարդիկ վախենում են պատվաստանյութերի կողմնակի ազդեցություններից և հաճախ չեն ստանում մատչելի խորհրդատվություն առողջապահության ոլորտի վստահելի մասնագետներից: Պատվաստանյութերի տարածման վերաբերյալ Արևելյան գործընկերության երկրների կառավարությունների կողմից տրամադրվող տեղեկատվությունը տարբեր է. որոշ երկրներ ավելի լավ են հաղորդակցվում և համագործակցում հասարակության հետ, քան մյուսները՝ տրամադրելով բժշկական խորհրդատվություն և հակազդելով դավադրություններին: Բոլորի համար ընդհանուր խնդիր է հասարակության հարաբերական անվստահությունը պետական հաստատությունների նկատմամբ, որը կարող է վերածվել պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ կասկածների: Փոքրամասշտաբ կամ ակնկալվող հանրային տեղեկատվական արշավները տեղ են թողնում պատվաստանյութերի նկատմամբ թերահավատության և ասեկոսեների համար: Կարևոր է կեղծ և բացասական ազդեցությամբ տեղեկատվության քողազերծումը մինչ տարածումը և արդեն իսկ տարածված տեղեկատվության հերքումը:

Պատվաստանյութերի նկատմամբ անվստահության գնահատում Ռուսաստանում: Աղբյուրը. «Լևադա-Կենտրոն», 1 մարտի, 2021թ.

Արևելյան գործընկերության երկրներում

Հայաստանում որոշում էր կայացվել գնել AstraZeneca պատվաստանյութը COVAX Facility նախաձեռնության միջոցով, ինչպես նաև Sputnik V: Ռուսաստանն անվճար հատկացրել է Sputnik V պատվաստանյութն առաջին 1020 հոգու համար: Հայաստանի տեղեկատվական միջավայրում և հանրային դիսկուրսում շարունակում են գերակայել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները և ներքաղաքական իրավիճակը, COVID-19-ի պատվաստանյութի դերը պակաս կարևոր է: Պատվաստանյութերի մասին ապատեղեկատվությունը հազվադեպ է հանդիպում զանգվածային լրատվամիջոցներում: Անցած ամիսների ընթացքում հայտնաբերվել են պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության դեպքեր, երբ կրկնվում էր ռուսական լրատվամիջոցներում արտացոլված տեղեկատվությունը, մասնավորապես, livenews.am -ում և Ռուսաստանի պետական լրատվական գործակալության հայաստանյան ներկայացուցչության՝ Սպուտնիկ Արմենիաում: Ապատեղեկատվական լուրերը տարբեր են և վախ են տարածում պատվաստանյութերի նկատմամբ, օրինակ՝ «Պատվաստվելով՝ մարդիկ կարող են ռիսկի ենթարկել իրենց կյանքը, չստանալով սակայն երաշխավորված պաշտպանությունը, և կարող են վարակիչ լինել», «Արհեստականորեն ստեղծված նոր կորոնվիրուսի (SARS-COV 2) ներկա կամ 1-ին փուլում իրականացվում է մարդասպանություն ու մարդկության քանակի կրճատում»:

Ադրբեջանում իշխանությունները խստորեն վերահսկում են լրատվամիջոցները: Պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվությունը պակաս բացահայտ է, սակայն պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը շարունակում է խնդիր լինել, քանի որ վերջին հարցումների համաձայն՝ հարցվածների գրեթե 50%-ը կողմ չէ պատվաստմանը կամ երկմտում է (apa.tv, «Կարմիր խոսափող» ալիք և «Ազատություն» ռադիոկայան): Մարդիկ պատրաստ չեն պատվաստվել հիմնականում տեղեկատվության բացակայության կամ կողմնակի ազդեցություններից վախի պատճառով: «Սպուտնիկ Ադրբեջան»-ը (Sputnik.az), կրկնում է ռուսական լրատվամիջոցներում արտացոլված տեղեկատվությունը, ինչպես նշված է վերը՝ ներառյալ արևմտյան արտադրության պատվաստանյութերի հետ կապված ապատեղեկատվությունը և ենթադրյալ ռիսկերը: Դա բարդացնում է տեղեկատվական միջավայրում կառավարության ջանքերը այն պահից, հենց որ դրանք սկսում են նախաձեռնվել: Արևմտյան պատվաստանյութերի մասին բացասական լուրերը նոր թափ ստացան, երբ COVAX-ը տեղեկացրեց Ադրբեջանի իշխանություններին պատվաստանյութերի առաքման հետաձգման մասին: Նախագահ Իլհամ Ալիևն անձամբ մեղադրեց զարգացած երկրներին պատվաստանյութերի անհավասար և անարդար բաշխման համար. մեղադրանքներ, որոնք լայնորեն լուսաբանվեցին ադրբեջանական լրատվամիջոցներում:

Բելառուսում իշխանությունները մեղմացված են ներկայացրել COVID-19-ի ռիսկերը՝ ամենայն հավանականությամբ, պայմանավորված ոչ պատշաճ ախտորոշմամբ : Վարակվածության և մահվան դեպքերի թվերը նույնպես պակասեցվել են: Իշխանությունները չեն հրապարակել մահերի ընդհանուր թիվը 2020թ. հունիսից (հարց է առաջանում, թե ինչո՞ւ): COVID-19-ից մահացածների իրական թիվը, անկախ փորձագետների և դիտորդների գնահատմամբ, կարող է 10-ից 15 անգամ գերազանցել պաշտոնական տվյալները: 2021թ. մարտի 9-ին «Kastryčnicki Economic Forum»-ը մեկ շնչի հաշվով միջին եկամտի և սպառման պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա կարողացավ հաշվարկել, որ 2020թ-ին Բելառուսում բնակչությունը տարեկան կտրվածքով միջինը նվազել է 47,800-ով՝ ի տարբերություն 2018թ-ին 14,700 ով և 2019թ-ին 17,800 ով նվազմանը: Հաշվի առնելով արտագաղթի և այլ գործոնների ոչ մեծ ազդեցությունը՝ ենթադրվում է, որ 2020թ-ին գրանցվել է մոտ 30,000 «լրացուցիչ» մահ:

9,4 միլիոն բնակչություն ունեցող երկրում դեռ չեն իրականացվում մեծ մասշտաբով պատվաստումներ: Հանրությանը հասանելի չեն պատվաստմանն ընդհանուր պատրաստվածության վերաբերյալ ոչ մի ուսումնասիրության կամ հարցման տվյալներ: Մինչ այժմ, ինչպես հաղորդվում է, օգտագործվել է ռուսական Sputnik V-ի միայն երկու տասնյակ հազար չափաբաժին և անհայտ քանակությամբ չինական Vero Cell: Առանձին տվյալներ վկայում են, որ առկա պատվաստանյութերի նկատմամբ վստահությունը քիչ է նույնիսկ առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում, և որ բելառուսները թերահավատորեն են վերաբերվում զանգվածային պատվաստումների ծրագրերի մասին իշխանությունների հայտարարություններին:

Վրաստանում նշանակալի ազդեցություն ունի պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ տեղեկատվությունը/ապատեղեկատվությունը, որն առավելապես տարածվում է սոցիալական լրատվական ցանցերի միջոցով: Հատկապես Ֆեյսբուքում պատվաստման դեմ պայքարող խմբերն ստեղծում են մեծ քանակությամբ ապատեղեկատվական հաղորդագրություններ: Մի շարք ծայրահեղ աջ և Կրեմլի հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներ նույնպես կանոնավոր կերպով տարածում են ապատեղեկատվություն պատվաստանյութերի վերաբերյալ և դավադրության տեսություններ: Ռուսաստանի պետական լրատվականը՝ «Սպուտնիկ» գործակալությունը, շարունակում է օգտագործել Վրաստանի իր ալիքները՝ Կրեմլին հարող հաղորդագրությունները կրկնելու համար [2]: Կրեմլին մերձ այլ լրատվամիջոցները, հատկապես NewsFront Georgia, Geworld.ge, Saqinform.ge և Tvalsazrisi.ge, Alt-Info.com, նպաստում են արևմտյան արտադրության պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմանը՝ մասնավորապես թիրախավորելով Pfizer/BioNTech պատվաստանյութը (վերջերս նաև AstraZeneca-ն): Կառավարության հաղորդագրությունները հիմնված են Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսների վրա: Մեծ ուշադրություն չի դարձվում COVID-19-ի վերաբերյալ կեղծ տվյալներին կամ ապատեղեկատվությանը՝ չնայած, որ վերջերս սկսվել է պատվաստանյութերի տարածման վերաբերյալ հանրային տեղեկատվական արշավ: Պատվաստումների նոր ռազմավարության վերաբերյալ տեղեկատվական տեսանյութը նախազգուշացնում է պատվաստանյութերին առնչվող ապատեղեկատվության մասին և հորդորում իրական տեղեկություններ փնտրել վստահելի աղբյուրներում:

Մոլդովայում պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության և դավադրության տեսությունների տարածմանը նպաստում են երկրորդական կայքերը, որոնք հաճախ ունեն պատվաստման դեմ ուղղված խիստ դիրքորոշումներ կամ կրոնական բովանդակություն: Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցները, այդ թվում Sputnik.md ռումիներենով Mejdurecie.md, գովաբանում են ռուսական պատվաստանյութը և քննադատում արևմտյան պատվաստանյութերն ու արտադրողներին: Կրեմլին մերձ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է ԵՄ-ում պատվաստումների ծրագրի ոչ պատշաճ կառավարումը, որին հակադրվում է Ռուսաստանի հաջողությունը: ԵՄ-ն ներկայացվում է որպես կառույց, որն անկարող է կառավարել պատվաստումների գործընթացը և աստիճանաբար ընդունում է Ռուսաստանի նվաճումներն ու պատվաստանյութը: Վերնագրերում օգտագործվում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են, օրինակ՝ «COVID-19-ը ստեղծվում է լաբորատորիաներում», «Ծերերը մահանում են ճանճերի պես. հարյուրավոր մահեր պատվաստանյութերից ԵՄ-ում և ԱՄՆ-ում», «AstraZeneca-ի պատվաստանյութը, որը օգտագործվում է նաև Ռումինիայում, ունի միայն 10 % արդյունավետություն»: Կամ՝ «Իսրայելը սահմանում է նացիստական բժշկական ռեժիմ», «28-ամյա բուժքույրը Վիսկոնսինից մահացավ ուղեղային անևրիզմայից Pfizer-ի երկրորդ դեղաչափն ընդունելուց հինգ օր անց (Flux.md):

Ուկրաինան շարունակում է մնալ թե՛ պետության կողմից վերահսկվող ռուսական լրատվամիջոցների և թե՛ տեղական կրեմլին մերձ լրատվամիջոցների խիստ քննադատության գլխավոր թիրախը Sputnik V-ի օգտագործումը չարտոնելու պատճառով: «NTV»-ի տեղեկատվության համաձայն՝ «ԱՄՆ դեսպանատունն արգելում է Ուկրաինային օգտագործել ռուսական պատվաստանյութը՝ վտանգի ենթարկելով ուկրաինացիների կյանքը կամ ըստ «RT»-ի՝ «Ուկրաինան չի ընդունում ռուսական պատվաստանյութը՝ քաղաքական պատճառներից ելնելով: Ուկրաինայի ղեկավարությանը ծաղրող և նսեմացնող ապատեղեկատվական արշավները շարունակվում են, պատվաստանյութերի տարածումը նույնպես օգտագործում են Նախագահ Զելենսկուն քննադատելու համար: Ռուսական և կրեմլին մերձ լրատվամիջոցներն օգտագործում են Ֆեյսբուք և Տելեգրամ ալիքներն իրենց հաղորդագրությունները տարածելու համար:

Աղբյուրը. Ուկրաինայի նախագահի գրասենյակ

Ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակում ընթանում է նաև պատվաստանյութերի վերաբերյալ հասարակության տեղեկացման և իրազեկման ակտիվ արշավ: Կառավարությունը խրախուսում է համապետական ​​պատվաստումը՝ երկրի ղեկավարության պետական աջակցությամբ: Այնուամենայնիվ, պատվաստումների նկատմամբ հասարակության զգուշավոր վերաբերմունքի պատճառն ընդհանուր դժգոհությունն է COVID-19-ի ճգնաժամի կառավարումից և հիասթափությունը՝ իշխանություններից, ինչպես հաղորդում է «UNIAN»-ը:

Հետգրություն. Երբ այս հոդվածը պատրաստ էր տպագրության, մշակվեցին և արագ տարածվեցին AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ հաղորդագրությունները և հարցերը: Առողջապահության ոլորտի մասնագետների և քաղաքական առաջնորդների քննարկումները ԵՄ անդամ պետություններում, ինչպես նաև Դեղերի եվրոպական գործակալության՝ EMA-ի մարտի 18-ի տեղեկատվությունն օգտագործվել են նաև պետության կողմից վերահսկվող և/կամ ֆինանսավորվող ռուսական լրատվամիջոցների կողմից: Նրանք օգտվել են առկա մոլորեցնող տեղեկատվությունն էլ ավելի վատթարացնելու հնարավորությունից՝ շեշտադրելու AstraZeneca-ի վտանգավոր լինելը, ԵՄ կողմից COVID-19-ի կառավարման ենթադրյալ ձախողումը, Sputnik V-ի հաջողությունը: Այս ամենն իր հերթին ազդում է պատվաստումների վերաբերյալ հանրային բանավեճի վրա (Ռուսաստանի պետական գլխավոր հեռուստաալիքից վերջերս վերցված օրինակները կարելի է գտնել այստեղ կամ այստեղ):

Եվ վերջապես, քանի որ «պատվաստանյութերի դիվանագիտության մրցավազքը» շարունակվում է, հատկանշական է, որ այս շաբաթ հաղորդվեց նախագահ Պուտինի պատվաստման մասին, սակայն տեսանյութ չցուցադրվեց: Սովորաբար Պուտինը չի խուսափում իրեն ցուցադրելուց, երբ ձիավարում է, սուզվում, թռչում, ձկնորսությամբ և այլնով զբաղվում: Երբ Ուկրաինայի նախագահ Զելենսկին երեք շաբաթ առաջ տեսախցիկների առջև պատվաստվեց Լուգանսկի մոտակայքում գտնվող զինվորական հոսպիտալում, կրեմլին մերձ լրատվամիջոցները միանգամից կասկած հայտեցին, թե արդյո ՞ք դա պարզապես վիտամինների ներարկում չէր: Այժմ Ռուսաստանի իշխանությունները նախաձեռնել են հասարակության տեղեկացման վճռական արշավ՝ օգտագործելով բոլոր պլատֆորմները և ներգրավելով հանրահայտ անձանց, երկրի ներսում պատվաստանյութերի նկատմամբ խիստ անվստահության պայմաններում պատվաստումը խրախուսելու համար: Այդ դեպքում ո՞վ կարող էր ավելի լավ օրինակ ծառայել, քան պետության ղեկավարը:

[1] Համեմատության համար. մարտի 7-ին 46 երկիր հավանություն է տվել Sputnik V-ին այս կամ այն ձևով: AstraZeneca-ի պատվաստանյութը հավանություն է ստացել 49 երկրում, իսկ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը՝ 43 երկրում:

[2] Օրինակներ Արևելյան գործընկերության տարբեր երկրներից.

Հայաստան. Ռուսաստանը հաջողության է հասել, մինչդեռ Եվրոպան չի կարողացել հաղթահարել համավարակը («Սպուտնիկ Արմենիա»):

Մոլդովա. «AstraZeneca-ի պատվաստանյութն ունի միայն 10 % արդյունավետություն» («Սպուտնիկ Մոլդովա»):

Վրաստան. «Pfizer-ը հակաբիոտիկ է փորձարկել Նիգերիայի անչափահասների շրջանում, որի արդյունքում մոտ 200 հոգի մահացել է» և «Pfizer-ը պատվաստանյութեր մշակելու փորձ գրեթե չունի, սակայն առնչություն ունի որոշ խոշոր սկանդալներին» (երկուսն էլ «Սպուտնիկ Աբխազիա»-ից),

Ադրբեջան. «Եվրոպայում պատվաստանյութերի սակավության պատճառով երկրները կանգնած են պատվաստանյութերի պատերազմի եզրին» («Սպուտնիկ Ադրբեջան»):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    %s

      ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

      Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

        Subscribe to the Disinfo Review

        Your weekly update on pro-Kremlin disinformation

        Data Protection Information *

        The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.

        🎵 Playlist