Ծիծաղ և ողբերգություն․ անհեթեթ բռնաճնշումներ Բելառուսում
Բելառուսի վարչակարգը մեծ ջանքեր է գործադրել, այսպես կոչված, արևմտյան «հիբրիդային պատերազմի» և «գունավոր հեղափոխության փորձի» հեղինակներին գտնելու և պատժելու համար. հենց այդպես է պետական և կրեմլամետ քարոզչությունը ներկայացնում 2020-2021թթ․ ընթացքում Բելառուսում բողոքի ցույցերի մասնակիցներին։ 2021թ․ հուլիսի դրությամբ Բելառուսի քննչական կոմիտեն 4691 քրեական գործ է հարուցել այն ցուցարարների նկատմամբ, որոնք փողոց էին դուրս եկել կեղծ ընտրությունների դեմ բողոքով։ 2021թ․ դեկտեմբերի 26-ի դրությամբ քաղբանտարկյալ է համարվել 955 անձ, որոնց թվում` ավելի քան 30 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից։ Հետևեք թարմացվող հաշվարկին այստեղ։
Թվերը շարունակում են աճել։ Դեկտեմբերի 14-ին վարչակարգի դատարանը 18 տարվա ազատազրկման դատապարտեց Սերգեյ Տիխանովսկուն, ով պատրաստվում էր նախագահական ընտրություններում առաջադրվել Լուկաշենկոյի դեմ՝ կայացնելով քաղաքական դրդապատճառներ ունեցող վճիռ և նպատակ ունենալ վախ տարածել Բելառուսի շարքային քաղաքացիների շրջանում, ովքեր ցանկանում են իրացնել իրենց քաղաքական իրավունքները։ Անհիմն մեղադրանքներով 14-16 տարվա ազատազրկման դատապարտվեց ևս հինգ հայտնի քաղբանտարկյալ։ Այս վեց անձինք զրպարտության և պարսավանքի են ենթարկվել անմիջապես Լուկաշենկոյի կողմից ղեկավարվող քարոզարշավում։
Աբսուրդի վերածվող քայլեր
Թեև ձերբակալություններն ու ազատազրկումը բռնաճնշումների առավել տեսանելի ձևերից են, սակայն երբեմն պետական մակարդակով իրականացվող հաշվեհարդարն առավել անհեթեթ և, գրեթե, խելացնոր ձև է ստանում: Ինչպես այն ժամանակ, երբ թագավորը բարկանում է խեղկատակի վրա։
Վարագույրները փակվում են Թիլ Ուլենշպիգելի համար
2021թ․ նոյեմբերի 21-ին Վիտեբսկի ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնը իր 95-ամյակի առթիվ բեմադրեց պրեմիերա։ Ներկայացման սցենարը հիմնված էր բելգիացի գրող Չարլզ դե Կոստերի 1867թ․ թվականի «Լեգենդ Թիլ Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի մասին» հանրահռչակ ստեղծագործության վրա, որը ներկայացնում է իսպանական տիրապետությունից ֆլամանդական ազատագրման և վերածննդի պատմությունը։ Օրեր անց տեղեկություն տարածվեց, որ ներկայացումն արգելվել է, թատրոնի տնօրենի հետ պայմանագիրը չի երկարաձգվի, իսկ դերասաններն ազատվել են աշխատանքից։
Բելառուսի մշակույթի նախարար Անատոլի Մարկևիչը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ներկա էին գտնվել ներկայացմանը, թերևս անընդունելի նմանություններ էին գտել 16-րդ դարում ֆլամանդացիների պայքարի և Բելառուսի ներկայիս իրավիճակի միջև: Պաշտոնյաներին հատկապես դուր չէր եկել ներկայացման «Կեցցե՛ Ֆլանդրիան» արտահայտությունը, որը նմանվում է Լուկաշենկայի հակառակորդների կողմից հաճախ օգտագործվող «Կեցցե՛ Բելառուսը» կարգախոսին, և դատապարտվում դատարանների կողմից որպես «հակապետական կարգախոս»։
Հոլոքոստի հիշատակման համերգը՝ non grata
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Մինսկի ֆիլհարմոնիկ նվագախումբը չեղարկել է բարեգործական համերգները, որոնք ծրագրված էին Հոլոքոստի զոհերի հիշատակին՝ մտահոգ մի քաղաքացու կողմից մշակույթի նախարարությանն ուղղված էլեկտրոնային նամակից հետո: Նամակում նշված էր, որ «[հավաքված] գումարը ծախսվելու է ընդդիմադիր կազմակերպություններին (օրինակ՝ Գրոդնոյի հոսփիսին) և ընդդիմության հանրահավաքներին մասնակցող արվեստագետներին աջակցելու համար»:
Մանկական հոսփիս
Գրոդնոյի մանկական հոսփիսը բելառուսական վարչակարգի կողմից համարվում է «անօրինական կազմակերպություն»: Այն իշխանությունների կողմից լուծարվել է, և անթաքույց կերպով նկարագրվել է որպես արձագանք ԵՄ-ի պատժամիջոցներին։ Հոսփիսի տնօրեն Օլգա Վելիչկոյին քրեական մեղադրանք է առաջադրվել բողոքի ակցիաներին մասնակցելու համար։
Ողբերգություն․ այլ խոստովանական տեսանյութեր
Բելառուսի անվտանգության ուժերը բերման են ենթարկել մարդկանց՝ իրենց ենթադրյալ «հանցագործությունների» մասին տեսանյութի միջոցով «խոստովանություններ» կատարելու համար։ Ինչպես նախկինում բացահայտել ենք, որոշ նման տեսանյութեր նույնիսկ վճարովի գովազդ են ստանում Youtube-ում։
Իրադարձությունների զարգացմանը զուգընթաց՝ Բելառուսի քաղաքացիները հարկադրվում են խոստովանել նոր տեսակի իրավախախտումների մասին: Նոյեմբերի վերջին «Բելառուս 4 Հոմիել» մարզային պետական հեռուստաալիքը ցույց տվեց կալանավորների, ովքեր ներողություն էին խնդրում Լուկաշենկոյի վարչակարգի կողմից ստեղծված միգրացիոն իրավիճակի վերաբերյալ սոցիալական ցանցերում կատարած իրենց քննադատական մեկնաբանությունների համար։
2021թ․ դեկտեմբերի 1-ին «STV» պետական հեռուստաալիքը հայտնեց, որ 11 մարդ է կալանավորվել արևմտյան Բելառուսում զորավարժությունների ժամանակ ռուս դեսանտայինների մահվան մասին առցանց «ցինիկ մեկնաբանությունների» համար։ Հեռուստաալիքով ցույց տրվեց, թե ինչպես են հատուկ զինված ոստիկանները ներխուժել այդ անձանցից մեկի բնակարան, որը տանը ներքնազգեստով էր, որին հաջորդել է ոստիկանության բաժանմունքում նրա խոստովանության տեսագրությունը «զանգվածային անկարգությունների» մասնակցելու և «ծայրահեղական տելեգրամյան ալիքներին» տեղեկատվություն հաղորդելու մասին։
Ձերբակալվածները երբեմն բավականին «ստեղծագործական խոստովանություններ» են անում, որոնք պետական հեռուստատեսությամբ ցուցադրվելուց կամ ռեժիմին մոտ կանգնած տելեգրամյան ալիքներում հրապարակվելուց հետո, տարածվում են սոցիալական ցանցերում, քանի որ այն գրավում է մարդկանց հետաքրքրությունը։
Տեսանյութերի հղումներ չենք տեղադրում․ ահա, թե ինչու
Այս տեսանյութերը դեռ հասանելի են Youtube-ի կամ հեռուստաընկերությունների միջոցով: Թեև EUvsDisinfo-ի ընդհանուր սկզբունքն է տեղադրել հղումներ, որպեսզի ընթերցողը հնարավորություն ունենա ուսումնասիրել քննարկման առարկա հանդիսացող նյութը, նման տեսանյութերի հղում չենք տեղադրի։ Պատճառն այն է, որ կադրերում պատկերված անձինք ներկայանում են թվային հանրային լսարանի առջև հավանաբար իրենց ազատ կամքին հակառակ կամ, գուցե նույնիսկ, հարկադրանքի ներքո: Մենք չենք ցանկանում նպաստել ռեժիմի քարոզչության տարածմանը։
Բելառուսի ամենամեծ տելեգրամյան ալիքի՝ NEXTA_TV-ի գլխավոր խմբագիր Թադեուշ Գիչանը նմանատիպ կադրերն ավելի վաղ անվանել էր «պատանդների տեսանյութեր»: Բացի այդ, «Ամնեսթի Ինթերնեշնլ» կազմակերպությունը քննադատել է Ռաման Պրատեսևիչի դեմ գործով կիրառված նմանատիպ պրակտիկան՝ նշելով, որ այդպիսի «խոստովանությունը» հավանաբար ձեռք է բերվել հարկադրանքի ներքո։
Լոլիկ թթվասերի հետ = կալանավայր
Նոյեմբեր ամսվա «հերոսներից» մեկը 65-ամյա Անատոլի Շելկովիչն էր, որը ձերբակալվեց հանրային ցուցադրության համար նախատեսված սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ պատրաստելու համար: Իր խոստովանական տեսանյութում նա ներկայացնում է, որ իրեն դուր է գալիս կարմիր և սպիտակ գույների համադրությունը՝ որպես օրինակ բերելով փաստեր այն մասին, որ իր կինն ունի կարմիր մազեր, և թթվասերով լոլիկը իր սիրելի կերակուրներից է։ Շելկովիչը երկու անգամ ենթարկվել է 15-օրյա ազատազրկման։ Պարզ չէ, թե արդյոք նա ազատ կարձակվի դեկտեմբերին, թե ժամկետի լրացման օրը նրա ազատազրկումը կերկարացվի, ինչպես հաճախ վճռում են բելառուսական դատարանները։
Կրակ սեփական դաշտում՝ ընդդեմ սպիտակ և կարմիր գույների դեմ պայքարողի
Մարդու իրավունքների պաշտպանները արձանագրել են դեպք, երբ Լուկաշենկոյի կողմնակցի պայքարը կարմիր և սպիտակ գույների դեմ հակադարձ արդյունք է տվել: Բելառուսի Դոբրուշ փոքրիկ քաղաքի բնակիչ 44-ամյա մի կին նկատել էր տեղական զինկոմիսարիատին պատկանող կարմիր և սպիտակ գույներով վրան և Youtube-ում տեղադրել տեսանյութ հետևյալ վերնագրով՝ «Սպիտակ-կարմիր-սպիտակի կողմնակիցներ։ Զինկոմիսարիատ։ Դոբրուշ»։ Զինկոմիսարիատի ութ աշխատակից զրպարտության մեղադրանքով հաղորդում էին ներկայացրել նրա դեմ ոստիկանությունում, և կինը դատապարտվել էր 2 տարվա պայմանական ազատազրկման:
Արմատականների և ծայրահեղականների որոնում
Պետանվտանգության աշխատակիցները բազմիցս խոստացել են շարունակել «արմատականների և ծայրահեղականների» որոնումը և կատարել են իրենց խոստումը։ Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանների հաղորդումների հիման վրա՝ նոյեմբեր ամսվա ընթացքում առնվազն 143 անձ, այդ թվում՝ 23 կին, դատապարտվել են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով։ Նրանց դատապարտման ընդհանուր ժամկետը, համատեղ վերցված, կազմում է 156 տարվա ազատազրկում, ինչպես նաև 91 տարվա ուղղիչ աշխատանքային հաստատություններ և ավելի քան 100 տարվա տնային կալանք։
Իրավապաշտպանների և լրագրողների կողմից շարունակում են արձանագրվել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի, կալանավայրում անմարդկային պայմանների և խոշտանգումների բազմաթիվ դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանները հաղորդում են, որ դատարանները հաճախ իրականացնում են գործերի դռնփակ լսումներ և անտեսում են կալանավորների հայտարարությունները կալանքի ընթացքում և նախաքննչական հաստատություններում իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։
Սպիտակ-կարմիր-սպիտակ պարանոյա
Ավելի վաղ՝ հունիս ամսին, ներկայացրել ենք արգելված սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշի դեմ Բելառուսի վարչակարգի անզիջում պայքարի մի շարք անհեթեթ դեպքեր։ Մարդկանց տուգանել կամ ազատազրկել են սպիտակ-կարմիր-սպիտակ գուլպաներ հագնելու, չորացնելու նպատակով սեփական պատշգամբում կարմիր ու սպիտակ սրբիչներ ու ծածկոցներ կախելու համար, առանձնատան բակում կարմիր շարֆով ձնեմարդ տեղադրելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանների հաղորդմամբ՝ Բելառուսի դատարաններում շարունակում են քննվել գործեր այն անձանց դեմ, ովքեր ձերբակալվել են պատուհաններին սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ և կպչուն պիտակներ կպցնելու, սոցիալական ցանցերում վերահրապարակումներ և մեկնաբանություններ կատարելու, ինչպես նաև բողոքի ակցիաների այլ ձևերի մասնակցելու կամ սեփական կարծիքն արտահայտելու համար: Օրինակ՝ Մինսկի շրջանային դատարաններից մեկը նոյեմբեր ամսին անձին 15 օրվա ազատազրկման դատապարտեց «չարտոնված բողոքի ցույց անցկացնելու համար, որը Land Rover-ի հետևի հայելու վրա անորոշ ժամանակով սպիտակ-կարմիր-սպիտակ ժապավեններ էր տեղադրել՝ իր հանրային և քաղաքական շահերը հրապարակային ձևով ներկայացնելու համար»։
Համաշխարհային գրականությունը լի է այնպիսի հեքիաթներով ու պատմություններով, որտեղ խեղկատակը ոչ միայն զվարճացնում է թագավորին, այլև ծաղրում նրան։ Խեղկատակը նաև հանդիսանում է իրական իմաստության կրողը և կառավարիչների տեսադաշտից դուրս կատարվող գաղտնիքների պահապանը։ Այն պատմվածքները, որտեղ սպանվում է խեղկատակը, հաճախ ողբերգությամբ են ավարտվում նաև թագավորի համար։