Կրեմլամետ ԶԼՄ-ները լարվածություն են հրահրում Ուկրաինայի շուրջ

Մինչ ուկրաինական սահմանների երկայնքով ագրեսիվ էսկալացիան դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերը շարունակվում են, կրեմլամետ լրատվամիջոցները շարունակում են ավելացնել լարվածությունը սադրիչ և ապակողմնորոշող հաղորդագրություններով: Դրանց մեծ մասը հիմնականում ուղղված է ներքին ռուսական լսարանին, որին ամեն օր ասվում է, որ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն սպառնում են Ռուսաստանին:

Անկախ Լեվադա կենտրոնի կողմից անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ռուսների մեծ մասը (հարցվածների մոտ կեսը) ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին է մեղադրում ներկա էսկալացիայի համար, և ընդամենը մոտ 4 տոկոսն է կարծում, որ դրա պատասխանատուն ռուսական ղեկավարությունն է: Ղրիմի անօրինական բռնակցումից և Դոնբասում զինված ագրեսիայի մեկնարկից մոտ ութ տարի անց, այն փաստը, որ իրականում Կրեմլն է սպառնում Ուկրաինային, Ռուսաստանում մարգինալ դիրքորոշում է։

Այդ դիրքորոշումը ռուսական պետական ​​վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների աշխատանքի արգասիքն է, որը տարիներ շարունակ մշակել է «շրջափակված» Ռուսաստանի առասպելը՝ վախեր առաջացնելով (ըստ Լևադա կենտրոնի, ռուսների 56 տոկոսը վախենում է համաշխարհային պատերազմից) և միլիոնավոր ռուսների համար միտումնավոր խեղաթյուրելով Ուկրաինայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի արժեքները, պատմությունը և քաղաքականությունը:

Գլխիվայր շուռ տալով պատճառահետևանքային կապը

Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական ռազմական ուժի շարունակական կուտակման պայմաններում ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ սկսել են Ուկրաինային փոքր հեռահարության և ակնհայտորեն պաշտպանական զենք մատակարարել: Կրեմլամետ լրատվամիջոցների համար, սակայն, սա առիթ էր՝ պնդելու, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային հակամարտության է մղում: Այս ապատեղեկատվական հաղորդագրության բազմաթիվ տարբերակներ են տարածվել նախկինում և շարունակում են շրջանառվել այսօր Ռուսաստանում և Ուկրաինայի, Վրաստանի և այլ երկրների պետական վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում:

Միևնույն ժամանակ, Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումից և Ուկրաինայի ապակայունացումից հետո 2014 թվականին Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները շարունակում են ներկայացվել որպես անօրինական գործիք «Ռուսաստանի դեմ»:

Սրանք ընդամենը մի քանի օրինակ են, թե ինչպես են ռուսական պետական ​​վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները միտումնավոր խեղաթյուրում պատճառն ու հետևանքը՝ քողարկելու Կրեմլի պատասխանատվությունը լարվածության աճի համար և վախի (և հետևաբար՝ զսպվածության) մեջ պահելու ներքին լսարանը:

Ձգան հանդիսացող նարատիվների ստեղծում

Կրեմլը ապատեղեկատվությունը և տեղեկատվական մանիպուլյացիան օգտագործում է նաև քաղաքական և, ամենակարևորը՝ ռազմական մանևրումների տարածք ստեղծելու համար:

Կրեմլի համար ուղղակի ռազմական ագրեսիայի հնարավորությունը բաց պահելու համար ապատեղեկատվական աղբյուրները, կրեմլամետ փորձագետների և քաղաքական գործիչների հետ մեկտեղ՝ պատմություններ են հնարում Դոնբասում բնակչության դեմ անխուսափելի վայրագությունների մասին:

Դրանք անհիմն պնդումներ են ներառում, որ ուկրաինացի զինվորականները «սադրանքներ» էին նախապատրաստում` ներառյալ վտանգավոր քիմիական արտադրություն ունեցող արդյունաբերական ձեռնարկություններում պայթյունները և բոտուլոտոքսին նյարդապարալիտիկ նյութի տեղադրումը: ԱՄՆ-ը նաև մեղադրվում էր Դոնբասի վրա «կեղծ դրոշի ներքո» քիմիական զենքով հարձակում պլանավորելու մեջ, այդ թվում՝ խմելու ջրի թունավորման նպատակով։

Հիշարժան է, որ կրեմլամետ ԶԼՄ-ները քիմիական զենքի մասին փաստերի խեղաթյուրման երկար պատմություն ունեն՝ ներառյալ սիրիական ռեժիմի կողմից քիմիական զենքով հարձակումների հերքումը և մեղադրանքները, որ ԱՄՆ-ը քիմիական զենք է կուտակում:

Որպեսզի ռուսաստանյան ներքին լսարանը հավատա Ուկրաինայի մասին նման սարսափելի ապատեղեկատվական պատմություններին, կրեմլամետ լրատվամիջոցները տարիներ շարունակ անմարդկային «նացիստական» Ուկրաինայի իմիջ էին ստեղծում։ Նախկինում նման պատմություններն ուղեկցվում էին նեոկայսերական հավաստիացումներով, որ ուկրաինացիներն ու ռուսները «մեկ ժողովուրդ» են, այդ թվում՝ Կրեմլի ամենաբարձր մակարդակներից: Այժմ սպիտակ ձեռնոցները դեն են նետվել. Ռուսական RT հեռուստաընկերությունը հեռացել է «մեկ ժողովրդի» նարատիվից՝ պնդելով, որ «ուկրաինացիները ռուսների արյունն են ուզում», մինչդեռ Ռուսաստանը պարտավոր է փրկել Լուգանսկի և Դոնեցկի եղբայրներին և քաղաքացիներին իրենց «թշնամիներից»:

Վերացնելով անկախ լրատվամիջոցները

Անկախ լրատվամիջոցների սիստեմատիկ ոչնչացման համար Կրեմլին տարիներ պահանջվեցին՝ հասնելու այն կետին, որից սկսած՝ ապատեղեկատվությունը կարող է ազատորեն օգտագործվել՝ ի պաշտպանություն ագրեսիվ ռազմական դիրքորոշման և արտերկրում թշնամական գործողությունների:

Վերջերս մենք տեսանք, որ Կրեմլը հետագա քայլեր է ձեռնարկում երկրում անկախ լրատվամիջոցների հասանելիությունը վերացնելու ուղղությամբ, քանի որ ռուսական իշխանություններն արգելել են հանրային միջազգային հեռարձակող Deutsche Welle-ն և փակել նրա գրասենյակը Մոսկվայում:

Ռուսական պետական ​​վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները շտապեցին հայտարարել, որ Deutsche Welle-ն ՆԱՏՕ-ի քարոզչության աղբյուր է եղել, որից հետո ավելի մեծ ջանքեր ձեռնարկեցին` կեղծ հավասարության նշան դնելով համաշխարհային հեղինակավոր Deutsche Welle լրատվամիջոցի և RT DE-ի միջև:

Ռուսաստանի իշխանությունների որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի ԶԼՄ-ները կարգավորող մարմինն արգելել է ռուսական պետականորեն ​​վերահսկվող RT DE հեռարձակողին աշխատել Գերմանիայում՝ վավեր լիցենզիայի բացակայության պատճառով: Հակառակ դրան` Deutsche Welle-ն Ռուսաստանում աշխատում էր` ունենալով բոլոր անհրաժեշտ լիցենզիաները և հավատարմագրերը:

Deutsche Welle-ի նկատմամբ կիրառված արգելքը հաջորդեց բազմաթիվ լրատվամիջոցներին ուղղված Ռուսաստանի իշխանությունների մեկ այլ հրահանգին՝ հեռացնելու նախկինում հրապարակված լուրերը, որոնք վերաբերում են Ալեքսեյ Նավալնու թիմի հակակոռուպցիոն հետաքննություններին: 2021 թ. դեկտեմբերին Ռուսաստանի դատարանը որոշեց սահմանափակել ռուսական անկախ ԶԼՄ և իրավապաշտպան նախագիծ հանդիսացող «ОВД-Инфо» կայքի հասանելիությունը: Սրանք Ռուսաստանում ԶԼՄ-ների ազատության և այլ հիմնարար իրավունքների համակարգված ճնշումների ընդամենը վերջին օրինակներն են:

Առնչվող ապատեղեկատվության դեպքեր

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    %s

      ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

      Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

        Subscribe to the Disinfo Review

        Your weekly update on pro-Kremlin disinformation

        Data Protection Information *

        The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.

        🎵 Playlist